Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
22.12.2009 | 00:00

1955-ի դեկտեմբերի 21-ին իր երկրային կյանքի ուղին ավարտեց ու հավերժություն գնաց ԳԱՐԵԳԻՆ ԵՂԻՇԻ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ (հեղափոխական մականունը` ՆԺԴԵՀ)։
«Հազար խորհուրդ ունի հայ հոգին, որն իր խանդավառ մարգարեին է սպասում»

Գարեգին ՆԺԴԵՀ

100 տարի առաջ` 1909 թ. դեկտեմբերին, Լևոն Շանթը գրեց իր «Հին աստվածները»։ Հիշո՞ւմ եք Վահրամ Փափազյանի կախարդական ձայնը.
Իջե՛ք, իջեք,
երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ,
երազներ,
շոյող, անուշ
երազներ,
իջե՛ք, քնքո՜ւյշ
երազներ։
Աստղեր թովիչ,
բոց ու կայծ,
ցնորքներ վառ
ու առկայծ,
հավատ ուժի,
մեծության,
փառքի, կամքի՛
գոյության.
շռինդ, թնդյուն,
հպարտանք,
իմաստություն...
Բյո՛ւր պատրանք...

20-րդ դարի ավարտն էր։
Վալտեր Արամյանի մոտ էինք։ Խոսակցության ընթացքում, երբ նա իմացավ, որ Գոհարը դերասանուհի է, խորհրդավոր տեսքով հայտարարեց. «Իսկ դուք գիտեի՞ք, որ ձեր պապը «աբեղայի» դերն է խաղացել Թիֆլիսում` սիրողական ներկայացման մեջ։ Դա եղել է կամ 1912-ին, կամ 1913-ին»։ Հետո ավելացրեց, տեսնելով մեր զարմացած դեմքերը. «Փնտրե՛ք այդ թվերի աֆիշները»։ ՈՒ ես մտածեցի` ահա թե ինչու էին Նժդեհի հետևից բամբասողները փնթփնթում. «Իսկական դերասան է»։ Դրա մասին է վկայում հենց Սիմոն Վրացյանը` Նժդեհին ուղղված նամակում։ Այդ երիտասարդ, հմայիչ ու գեղեցիկ սպան` փայլուն հռետոր, բանաստեղծ, ազգագրագետ և այլն, և այլն, ում արդեն երգեր էին ձոնում, շատ կանանց համար իդեալական հերոսի մարմնացում էր և անքուն գիշերների երազանք, իսկ բազմաթիվ տղամարդկանց համար` միմիայն ատելության ու նախանձի առարկա։ Հենց դա էլ դարձավ գլխավոր պատճառը, որ այդ առասպելական հերոսին Թավրիզում իր «կուսակիցները» ենթարկեն խայտառակ դատաստանի, որտեղ նա, առանց դատապաշտպանի, հաղթեց միայն իր խոսքի շնորհիվ։ Հայկ Ասատրյանը (Նժդեհի զինակիցը և բախտակիցը) հիշում է իր թանկագին ուսուցչի այդ մեծ շնորհի մասին. «Մեր եղերաբախտ ընկեր Հ. Զարիֆյանը հաճախ էր պատմում Դիլիջանի եկեղեցու բակում Նժդեհի ճառի` Ղարաքիլիսեի պատմական ճակատամարտը հոգեբանորեն կարելի դարձնող խոսքի մասին։ Նա պատմում էր և զարմանում մարդկային խոսքի հոգիները հեղաշրջող և ցնցող ուժի վրա։ Իսկ հիմա՞։ 14 տարի հետո հարկ է ճշմարտագրել, որ առանց ցեղի հոգևոր շտեմարանից օգտվելու բարոյական համարձակության, առանց սեփական «ես»-ի մակույկը ցեղի ոգու խռոված օվկիանին հանձնելու բնազդական սիրո անկարելի կլիներ ներքին քաոսի մատնված, խուճապահար բազմություններին նման խոսք ասել և պարտվողական հոգիներում ցեղի զորացման հույսն ու կրակը բորբոքել։ Ցեղի ոգու տարերքն էր, որ Նժդեհին Զանգեզուրում դարձրեց հզոր անհատականություն, նրա ձայնով է, որ նա ցայսօր էլ մնում է պերճախոս։ Նժդեհի անհատականությունը, համոզումները, կրոնը պայմանավորված են ցեղով։ Նա պաշտամունք ունի Ահարոնյանի հանդեպ, որովհետև սա «անցավորից հավիտենականը տանող» ճամփի վրա հանդիպել է իր ցեղի ոգուն և առաջնորդվում է նրա շնչով։ Նա մոլեկրոն դաշնակցական է, որովհետև այս կուսակցությունը ծնված է մեր «ցեղի ոգու շարժից», որովհետև նրա մեջ «ցեղի ձայնը կա», որովհետև նրա խոստացած բարոյական երջանկությունը հայ անհատ մարդու հոգեխառնումն է «ցեղի ոգու հետ»։ Նա փառաբանում է Հայրենիքը, որովհետև հայ ցեղի հոգևոր բույնն է։ Օտար երկիրը հայրենիքի «ստվերն է»,- ասում է նա։ Նրա համար բոլոր առաքինությունների չափանիշը հայրենապաշտությունն է։ «Անհայրենասերն անառաքինի է»։ «Մշակույթը հոգևոր դեմքն է, որով հայրենապաշտումից զուրկ մշակույթը մշակույթ չէ»։ Նա երկյուղածությամբ սպասում է «հայ գերմարդու», «նոր հայ» մարդու հայտնվելուն, որովհետև նրանից է ակնկալում ցեղի վրեժը լուծելու, ցեղի տունը վերակառուցելու նվիրական գործը։ Նա երկրպագում է հայության տիտանական ցավը, որովհետև նա ցեղի ցավն է, որը նրան տալիս է այն հույսը, թե տառապանքից ու ամոթանքից «ծնունդ պիտի առնի մեր «նոր կրոնը` հպարտանքի կրոնը»։ Մենք կասենք` նաև փրկության ու զորացման կրոնը` «Մա՛հ ներքին տկարության»։ «Արյունով ու ջղերով» ասված և ապա գրի առնված այս խոսքերը լուծում են Նժդեհի հզոր անհատականության գաղտնիքը։ Այն պայմանավորված է ցեղային մեծ «ես»-ին ներդաշնակորեն հոգեխառնվելու, համաձուլվելու կարողությամբ, ասել է` այն ուժով, որ Նժդեհին մղում է դառնալու հայրենապրումի և ցեղապաշտումի մոլեռանդ քարոզիչը»։ Այս մեջբերումը փայլուն ապացույց է այն վարկածի, թե «երկը հասկանալու համար անհրաժեշտ է երկասիրողը ճանաչել» (Հայկ Ասատրյան), կամ գոնե լինել, ամենաքիչը, գաղափարապաշտ և ցեղակրոն։ Չէի ցանկանա նեղացնել հայրենակիցներիս, ովքեր փորձում են խոսք ասել Նժդեհի մասին, բայց ինձ թվում է, որ սրբություններին միշտ հարկավոր է մոտենալ մաքուր ձեռքերով։ Նժդեհին միշտ էլ փորձել են օգտագործել նեղ կուսակցական նպատակների համար և՛ «ֆաշիստները», և՛ «հեթանոսները», և՛ նույնիսկ «քրիստոնյաները»։ Ինչ լավ կլիներ, որ այդ բոլորը մի պահ խորհեին Նժդեհի գոնե մեկ բառի շուրջ` ան-կու-սակ-ցա-կա-նա-նալ։
Մի փոքր լսենք Նժդեհին.
«Փնտրում ենք հավիտենական հայը, փնտրում ենք նրան իր հեթանոս դարերում, իր քրիստոնեության մեջ, իր պատմության լույսի տակ, իր գրականության մեջ, իր իմաստասիրության և վարած ճակատամարտերի, իր ստրկության և ինքնիշխանության, իր կոտորածների, արտագաղթերի և հայրենաշինության մեջ։ Փնտրում ենք նրան իր բնաշխարհում և օտար հորիզոնների տակ, բայց դեռ չենք գտել։ Չենք գտել, սակայն գիտենք, որ միայն ինքնաճանաչությամբ կարելի է տիրապետել այն տարերքին, որ հավիտենական է հայ էության մեջ` մեր ցեղայնությունը։
Ցեղորեն անինքնաճանաչ դեռ կույր հայ հոգու խորքերում, և այդ իսկ պատճառով անզոր մերօրյա խնդիրների առջև` մենք, որպես ժողովուրդ, շարունակում ենք մնալ նվաստ և նահատակ, երբ աշխարհը պահանջում է լինել ինքնահարգ, և հարգանք պարտադրելու աստիճան զորավոր։ Անասելիորեն զորութենական, բայց դեռ իր ինքնահաղթահարումը գլուխ չհանած` հայ էությունն իր անսպառելի շինարարական եռանդը կմսխե ընդունայն։ Եվ այդ իսկ պատճառով մեր ժողովուրդը կշարունակե արնոտ տուրք տալ իր ցեղային անինքնաճանաչության։
Ա՜հ, դեռ շարունակվում է հայոց ողբերգությունը, մի անօրինակ ողբերգություն, որ մեր ազգային ուժի և հպարտության փոխարեն մեր տկարությունն ու նվաստությունն է սնուցանում»։
ՈՒստի, մեկնելով այն կենսաբանական ճշմարտությունից, թե երբ ժողովրդի մեջ տկարանում է ցեղի շունչը, սկսում է նվազել սերունդների կենսունակությունը, հոգեպես նվաստանում են անհատները, շեշտվում է նրանց վատասերումը, և վրա է հասնում անժամանակ զառամությունը։
Այդ դավանանքը, մեր միակ դավանանքը որևէ նմանություն չունի այլ ուսմունքների հետ, իսկ եթե կրոն է, ապա կրոն է ցեղային հպարտության, ուժի և արիության։
Ավետիս Ահարոնյանը (հետաքրքիր է` քանի՞ հայ մարդ աշխարհում գիտի այս անունը) Նժդեհին ուղղված մի նամակում գրում է. «Սիրում եմ արիությունը գրչիդ. խոսքիդ ու սուրիդ։ Մեր օրերին պաշտպան մարդն ես և ինչ-ինչ մեծ առավելությամբ ինձ վրա»։ Ինչո՞ւ մենք չենք էլ լսել Ահարոնյանի անունը։ 20 տարի է արդեն, որ «ազատ ենք», բայց ինչո՞ւ է շարունակվում այդ «բոլշևիկյան դեմ կանգնելը» ամեն մի լավ և ազնիվ բանին։ Կարծում եմ, որ հարկավոր է շտապ հրատարակել Ահարոնյանի բոլոր երկերը, ում մասին Նժդեհը 1932-ին գրում էր. «Չկա, չգիտեմ, պիտի լինի՞ հայ գրող, որ այնքան հարազատ լիներ մեր ժողովրդին, որքան Ահարոնյանը, որի խոսքի համար աննախընթացորեն կարճ եղան դեպի հայ սիրտը տանող բոլոր ճամփաները։ Եվ հասկանալի է դա։ Չէ՞ որ նրա խոսքը ծնվում է ցեղի ցավից և սնվում տառապանքի կաթով։
Հայ Ոսկեբերանն է նա։
Նա խոսքեր ունի, որոնք և ծիրանագույնի բազմերանգություն ունեն։
Խոսքեր, որպես վառվող կերոններ, խոսքեր, որոնցից արյուն կկաթի, խոսքեր, որոնք կշնչեն, հոգի կտան։ Երբ կխոսի Մասիսի և Արազի, հայ հողի և նրա վրա քրտնող շինականի մասին, նրա հայրենաշունչ երկի մեջ ընթերցողը հայրենի խնկավետ սարի և դաշտերի բույրը կառնի և Հայաստանի սրտի տրոփյունը կզգա։
Երբ հայրենիքի մասին է իր խոսքը, չի խոսի, այլ կխոսեցնի, և կմղվեք ընդունելու, թե կա մի գերագույն հեղինակություն` ցեղը, որ նրա շրթունքներով կխոսի։ Կխոսի ցեղի մասին և կթվա, թե նրա ամեն մի հայացք հարցնում է ձեզ. «Չզգացի՞ք ցեղի շունչը, որ ահա անցավ»։
Մեծ տրիբուն, որի հոգին քաղել է այն ամենը, ինչ գեղեցիկ է, վսեմ ու հերոսական Հայոց պատմության մեջ, և այդ իսկ պատճառով, որքան ուժեղ է իր ցեղասիրությունը, այնքան կատաղի է իր բարոյական զայրույթը, որ, սակայն, իր սիրաշատ սրտից կբխի։
Նա խոսքի կայծակներ ունի և գիտի շանթել տկարն ու տգեղը, անփառն ու աննվերը, հակառակորդն ու թունավորիչը մեր ցեղի կյանքում»։
Այս ամենը կարող էր ասել նաև մեզանից որևէ մեկը հենց Գարեգին Նժդեհի մասին, եթե ունենար այս զարմանալի մարդու «սիրաշատ սիրտը» և «խոսքի կայծակները», ով դեռ երեք տարեկան հասակում կորցնում է իր պաշտելի հորը` տեր Եղիշին` Կզնութ գյուղի քահանային, ում թունավորել էին հենց եկեղեցում։ Ըստ ասեկոսեների, տեր Եղիշը երկրորդ քահանայի նախանձի և ատելության զոհն էր դարձել։ Այս սարսափելի իրադարձությունը հավիտյան դարձրեց Գարեգինին պանդուխտ, օտարական` Նժդեհ, և նա, թողնելով ամեն ինչ` հարազատներին, ուսումը Պետերբուրգի համալսարանում, մխրճվում է հեղափոխական շարժման մեջ, «որուն փարած է ամբողջ սրտով և վերջնականորեն» (Ավոյի «Նժդեհ» գրքից)։ Բայց չմոռանանք, որ «նժդեհ» հասկացությունը զուտ քրիստոնեական է` հիշենք 38-րդ սաղմոսը. «Պանդուխտ եմ ես առաջի քո, նժդեհ և անցաւոր որպէս ամենայն հարք իմ»։ Հովհաննես Սանդուղքը կամ Կղեմեքոսը (6-րդ դար) իր հոգևոր հուշամատյանում ունի մի առանձին գլուխ պանդխտության (նժդեհականության) մասին, և ինքը` Նժդեհը, շատ լավ գիտեր դա։ Իսկ այն փաստը, որ Նժդեհը 27 տարեկան հասակում խաղացել է «աբեղայի» դերը «Հին աստվածներում», կարծում եմ, պիտի որ շատ մեծ հետաքրքրություն առաջացնի ապագա նժդեհագետների շրջանում։ Եվ թող նրանք չմոռանան նաև ուսումնասիրել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ամբողջ համաշխարհային մշակույթը, եթե ցանկանում են գոնե մի քիչ մոտենալ Նժդեհի ստեղծագործությանը և այդ «փոթորկալից անցյալի տեր անհատի, հայկական չափանիշով վերցրած պատմական անձնավորության» (Հ. Ասատրյան) կյանքին։
Անհնար է խոսել Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» շարժման մասին, և շատ ավելի ազնիվ կլինի նորից ու նորից կարդալ, ուսումնասիրել և փորձել հասկանալ այն։ Ինքը` Նժդեհը, իր «Ցեղակրոնությունն իբր հաղթական զորույթ» ակնարկում ասում է. «...անկարելիության աստիճան դժվար է, բառերով «ի՞նչ է ցեղը» հարցի սիրտը շոշափել»։ Եվ մի քանի նախադասությունից հետո ասում է մի շատ կարևոր բան. «Ըստ մեզ, ասենք, առանց տեսական խորացումների, ցեղն ավելի հոգի է, քան կավ»։
Այս ակնարկի առաջին մասում (տե՛ս «Իրավունքը de facto», թիվ 90 (150), 20.11.-23.11.2009 թ.) կան այսպիսի տողեր. «Նրա (Նժդեհի) մասին գրվում են բազմաթիվ գրքեր, պաշտպանվում են թեզեր, տա Աստված, ստեղծվեն ֆիլմեր (ինչը շատ է կարևոր այսօրվա «չկարդացող» սերնդի համար), բայց մենք շարունակ դեռ պատրաստ չենք»։ Եվ հիմա էլ կրկնում եմ. «Անհնար է խոսել Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» շարժման մասին...»։ Ինչո՞ւ։ Որովհետև, իմ համեստ կարծիքով, մեր սերունդը դեռ դուրս չի եկել բոլշևիկյան ճահճից, դեռ չի ազատագրվել մարքսիստական, մատերիալիստական թմբիրից, և ոչ մի բարոյական իրավունք դեռ ձեռք չի բերել` առանց ապաշխարելու, առանց մաքրվելու այդքան ճարպիկ ձևով խոսել ու գրել մեզանից շատ հեռու բաների մասին` Քրիստոսի, Նժդեհի, Եղեռնի և այլն։ Միակ բանը, որ մենք կարող ենք թույլ տալ մեզ, խոնարհաբար ներկայացնելն է աճող սերունդներին մեր մեծերին` առավելագույնս քիչ խոսելով, որ երիտասարդությունը կարողանա ինքնուրույն խմել ջուրը չաղտոտված աղբյուրից։ Ոչ մի կարիք չկա Նժդեհի մասին գրելու հաստափոր գրքեր, որոնց մեջ ճիշտը խառնված է ստին, քանզի ասել ճշմարտության կեսը, նշանակում է ստել։ Ինչպե՞ս կարելի է գրել որևէ բան, հենվելով ԿԳԲ-ի կեղծ տվյալների վրա։ Ինչո՞ւ մենք այդքան արագ մոռացանք, որ այդ ԿԳԲ-ն ստի կայսրությունն էր։ Ինչո՞ւ մարդկության մեծ մասը հավի խելք ունի։ Պատասխանը կա և Աստվածաշնչում, որը չեն ընթերցում մինչև իսկ մեր ճեմարանականները, և Նժդեհի մոտ, ում չեն կարդում մինչև իսկ մեր «նժդեհականները»` «ֆաշիստները», «կուսակիցները», «հեթանոսները» և նույնիսկ «քրիստոնյաները»։ Եթե կարդային, այսօրվա Հայաստանը չէր լինի այսպիսին` նյութապաշտ հոգևորականներով, անազնիվ չինովնիկներով և վերջին ամոթը կորցրած քաղաքացիներով։ «Մութ բանտերում տանջված քաջ Նժդեհը» միշտ ասում էր. «Եղի՛ր գաղափարապաշտ, քանզի նյութապաշտն ավելի կենդանի է, քան մարդ»։ Տա Աստված, որ գալիք 2010-ը մեզ համար դառնա մարդ լինելու տարի։
Իջե՛ք, իջեք,
երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ,
երազներ,
շոյող, անուշ
երազներ,
իջե՛ք, քնքո՜ւյշ
երազներ։

Պավել ԱՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3662

Մեկնաբանություններ